B կատեգորիայի տրանսպորտային միջոցների վարման իրավունքի քննությունը պարզեցվում է

17:51, 21.05.2026

B կատեգորիայի տրանսպորտային միջոցների վարման իրավունքի ստացման քննության հանձնման կարգը պարզեցվում է։

Ներքին գործերի նախարարի հրամանով գործող կարգում կատարվում են հետևյալ փոփոխությունները.

B կատեգորիայի վարման իրավունքի ստացման տեսական քննության ժամանակ թեկնածուն երեք սխալի փոխարեն հինգ սխալ թույլ տալու իրավունք կունենա։

Մասնավորապես, B կատեգորիայի և B1 ենթակատեգորիայի տրանսպորտային միջոցների վարման իրավունքի ստացման տեսական քննությունից դրական գնահատական ստանալու համար վարորդի թեկնածուն էլեկտրոնային թեստավորման համար սահմանված 30 րոպեի ընթացքում պետք է հավաքի առնվազն 25 միավոր: Մինչ այժմ գործող խմբագրությամբ՝ վարորդի թեկնածուն պարտավոր էր 30 քննական թեստից հավաքել առնվազն 27 միավոր։

Բացի այդ, սույն թվականի հունիսի 15-ից B կատեգորիայի տրանսպորտային միջոցի վարման իրավունքի ստացման գործնական քննության երկրորդ փուլում թեթև սխալների սահմանաչափը 12-ից բարձրանում է 15-ի։

Մինչ փոփոխությունը գործող կարգով՝ 12-րդ թեթև սխալն ավտոմատ կերպով նշանակում էր քննության դադարեցում (կոպիտ սխալ): Նոր կարգով՝ թեկնածուն իրավունք կունենա թույլ տալ 14 թեթև սխալ, իսկ 15-րդ սխալը կհանգեցնի քննության դադարեցմանը։

Փոփոխության համաձայն՝ որոշակի պահանջներ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում քննողի կողմից վարորդի թեկնածուին հնարավորություն կտրվի ուղղել սխալը։ Այդ նպատակով քննողը վարորդի թեկնածուին կտա համապատասխան ցուցում (օրինակ՝ «Խնդրում եմ ևս մեկ անգամ ստուգել պատրաստվածությունը երթևեկությանը»): Բացի այդ, քննողն իրավասու է կանգնեցնել քննական ավտոմեքենան կամ վարորդի թեկնածուին տալ քննական ավտոմեքենան կանգնեցնելու ցուցում։

Եվս մեկ փոփոխություն վերաբերում է քննության երկրորդ փուլի համար ամրագրվող տեղերին։

Գործնական քննության երկրորդ փուլի հերթում ամրագրվող տեղերը վարորդի թեկնածուների միջև հնարավորինս հավասարաչափ բաշխելու պայմաններն ապահովելու նպատակով գործակալությունն իրավասու կլինի մշակել համապատասխան մեթոդաբանություն/ալգորիթմ, որը կապահովի վարորդների թեկնածուների բազայի վերլուծությունը և, նշված նպատակին համապատասխան, գործակալության կողմից մշակված առաջնահերթությունների (օրինակ՝ առաջին անգամ հանձնողներ, ավելի քիչ փորձեր ունեցողներ, հերթում ամրագրման սպասման երկար ժամանակահատված և այլն) հիման վրա կկառավարի հերթում տեղերի ամրագրման համակարգը։

Ծառայությունների գործակալության պարզաբանմամբ՝ մայիսի 22-ից վարման իրավունքի ստացման գործնական քննության առաջին փուլը (հրապարակ) հաջողությամբ հանձնելուց անմիջապես հետո թեկնածուներին հնարավորություն է տրվում գործնական քննության երկրորդ փուլին մասնակցելու նախընտրելի ժամանակն առանց որևէ սպասման ամրագրել գործակալության կառուցվածքային ստորաբաժանումում։

Նմանատիպ