Այսօր, Թելավիում տեղի է ունենալու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը
Թելավիում, Էրեկլե երկրորդի պալատում այսօր տեղի է ունենալու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը: Միջոցառումը սկսվելու է ժամը 15:00-ին, իսկ թագավորի պալատում հյուրերին սպասում են ժամը 13:00-ից: Երդմնակալության արարողությունը տևելու է 40 րոպե:
Վրաստանի հինգերրորդ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվելու 55 երկրի մոտ 150 ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախկին նախագահ (2007- 2012 թթ..) Նիկոլա Սարկոզին, Թուրքիայի հանրապետության փոխնախագահը, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը և այլ պատվավոր հյուրեր:
Երդմնակալության սցենարի համաձայն, ժամը 15:00-ին բանակը բերվելու է պատրաստության, քայլով երթ են անելու զինվորական ստորաբաժանումների դրոշակիրները, որից հետո դուրս են գալու գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Սալոմե Զուրաբիշվիլին: Տեղի է ունենալու երդմնակալության արարողությունը: Սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրությունը դնելու է աստվածաշնչի վրա, նախագահը երդում է տալու աստվածաշնչի և սահմանադրության վրա:
Երդմնակալությունից հետո ուժի մեջ է մտնելու նոր սահմանադրությունը:
Երդմնակալության արարողության ժամանակ անհրաժեշտ ատրիբուտներն են՝ Վրաստանի օրհներգը, դրոշը և թնդանոցից կրակելը: Միջոցառմանը երաժշտական ձևավորման համար հոգալու է ռազմական ցուցադրական օրկեստրը: Վրացական պոլիֆոնիայի լավագույն կատարողներից միավորված համույթները կատարելու են Վրաստանի օրհներգը և այլ գործեր:
Զինվորական ստորաբաժանումների հրամանատարները դիմելու են արդեն նորընտիր գլխավոր հրամանատարին:
Սալոմե Զուրաբիշվիլին թվով հինգերրորդ և առաջին կին նախագահն է:
Սալոմե Զուրաբիշվիլիի կենսագրական տվյալները.
Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականի մարտի 18-ին Փարիզում, Ֆրանսիա:
Կրթությունը.
1969-1972 թթ.. Քաղաքական գիտությունների ինստիտուտ – Փարիզ, Ֆրանսիա
1972-1973 թթ.. Կոլումբիայի համալսարան, միջազգային և հասարակական գործերի դպրոց – Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզուներ.
Վրացերեն, Ֆրանսերեն, Անգլերեն (ազատ), իտալերեն (խոսակցական)
Քաղաքական կարիերան Վրաստանում.
2016 -2018 թթ.. Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր – Մթածմինդայի շրջանից
2006 – 2010 թթ.. «Վրաստանի ճանապարհ» քաղաքական կուսակցության լիդեր
2004-2005 թթ.. Վրաստանի արտաքին գործերի նախարար
Այլ գործառույթներ.
2010-2015 թթ.. Միավորված ազգերի կազմակերպություն – ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Իրանի դեմ պատժամիջոցների մոնիտորինգի խմբի ղեկավար
Ասոցացված պրոֆեսոր Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երդմնակալությունից հետո աշխատանքը շարունակելու է Թբիլիսիում, Աթոնելիի փողոցում գտնվող Օրբելիանիների նստավայրում:
Հեղինակ -
Edgar Barsegyan