Այսօր տեղի կունենա Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

10:11, 20.01.2025

Այսօր տեղի կունենա ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախ երդվելու է Գերագույն դատարանի դատավոր Բրեթ Քավանոյի առջև, որին հաջորդում է Դոնալդ Թրամփը, ով այնուհետև հանդես կգա իր երդմնակալության ուղերձով:

Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 12:00-ին։ Երդման արարողությունը տեղի կունենա Կապիտոլիումի շենքում։ Դրա պատճառը Վաշինգտոնում սաստիկ սառնամանիքներն են։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1985 թվականին՝ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության ժամանակ։

Թրամփի երդմնակալությանը կմասնակցեն ԱՄՆ նախկին նախագահներ Ջո Բայդենը, Բարաք Օբաման, Ջորջ Բուշ կրտսերը և Բիլ Քլինթոնը:

Պատմության մեջ առաջին անգամ երդմնակալությանը հրավիրված են այլ երկրների ղեկավարներ։ Հրավիրվածների ցանկում են՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլին, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Էկվադորի նախագահ Դանիել Նաբոան և Էլ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։

Արարողությանը հրավիրված է եղել նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, սակայն նա հրաժարվել է, թեև Չինաստանի փոխնախագահը մասնակցելու է երդմնակալությանը։ Հրավիրված հյուրերի թվում էր նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով չի կարողացել մեկնել Վաշինգտոն։ Սրա պատճառն այն է, որ Օրբանը պետք է մասնակցի մեկ այլ միջոցառման։

Նմանատիպ