Այսօր Սուրբ Վալենտինի տոնն է. Ամենը՝ սիրո խորհրդանիշ համարվող օրվա մասին
Այսօր Սուրբ Վալենտինի տոնն է. Ամենը՝ սիրո խորհրդանիշ համարվող օրվա մասին

Փետրվարի 14-ին աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի օրը: Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն` Հին Հռոմում ապրել է Վալենտին անունով մի բժիշկ-հոգևորական: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները:

Վալենտինն սկսեց գաղտնի պսակադրել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են:
Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը`   փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում.« Քո Վալենտին…»
Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել իրեն հատուկ հմայք ու տոնակարգ: Որոշ երկրներում տղամարդը հագուստ է նվիրում իր սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է, նրանք ամուսնանում են:
Միջնադարյան Անգլիայում տարածված էր մի սովորույթ, որի համաձայն՝ երիտասարդները հավաքվում էին, գրում աղջիկների անուններ, գցում գլխարկի մեջ և հերթով հանում դրանցից մեկը: Կազմավորված զույգերը դառնում էին ընկերներ մինչև մյուս Վալենտինի տոնը:
Ներկայումս Վալենտինի տոնը նշում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։