Այսօր կանանց միջազգային օրն է
Այսօր կանանց միջազգային օրն է

Մարտի 8-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր: Այս օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին:

Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը: Կանանց միջազգային օրն առաջինը նշվեց 1911 թվականի մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա: 1912-ին տոնը նշվեց մարտի 12-ին:

1913-ին կանանց օրը Գերմանիայում նշվեց մարտի 12-ին, Ավստրիայում, Չեխիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Ռուսաստանում և Ֆրանսիայում՝ մարտի 2-ին: Եվ միայն 1914 թվականին մարտի 8-ին տոնը միաժամանակ նշվում է վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ: Եվրոպական մի շարք երկրներում մարտի 8-ը գրեթե մոռացության է մատնված: