Ավստրիայի արտգործնախարարը դեմ է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելուն
Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը կարծում է, որ Ուկրաինային չպետք է առաջարկել անդամակցել Եվրամիությանը։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, նա ասել է Եվրոպական մամուլի 14-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Մասնավորապես, նախարարը կարծում է, որ Ուկրաինան չպետք է թեկնածուի կարգավիճակ ստանա հունիսին, ինչպես ակնկալում է նախագահ Զելենսկին։ Այստեղ նա իր դիրքորոշումը հիմնավորեց նրանով, որ Արևմտյան Բալկաններում կան երկրներ, որոնք երկար ճանապարհ են անցել մինչև թեկնածություն ստանալը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ավստրիական Heute հրատարակությունը մեջբերում է նաև Շալենբերգի խոսքերը, որ Ուկրաինան, սկզբունքորեն, չպետք է ապագայում դառնա Եվրամիության անդամ, և նա պաշտպանել է Ուկրաինայի այլ ճանապարհը, քան լիարժեք անդամակցությունը։
Նախարարի խոսքով՝ պետք է լինեն նաև այլ մոդելներ, բացառությամբ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության, ինչպես օրինակ՝ Եվրամիության միասնական տնտեսական գոտուն միանալը, կամ պարզապես Ասոցացման համաձայնագրի ներկայիս մակարդակի պահպանումը։ Շալենբերգը Ուկրաինային կոչ է արել ավելի ճկուն լինել և մեխանիզմներ փնտրել Եվրամիության հետ մերձեցման համար։ Այստեղ, սակայն, նա աջակցել է Ուկրաինայի հետ Եվրամիության հարաբերությունների հետագա խորացմանը։