Ավարտվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցն Ադրբեջանի Հանրապետություն։
Այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը դեմ առ դեմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ։
Երկու երկրների վարչապետների գլխավորությամբ տեղի է ունեցել Վրաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին և վարչապետին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և ընդգծել երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը։
«Մեզ համար չափազանց կարևոր է այդ հարաբերությունների և բարեկամությունների հետագա խորացումը։ Սա ռազմավարական նշանակություն ունի ինչպես մեզ, այնպես էլ, վստահ եմ, Ադրբեջանի համար։ Ուզում եմ ևս մեկ անգամ անձամբ շնորհակալություն հայտնել նախագահ Ալիևին՝ Վրաստանին և վրաց ժողովրդին ցուցաբերած աջակցության և վրաց-ադրբեջանական հարաբերությունների խորացման գործում ներդրած ավանդի համար»,- ասել է վարչապետը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։