Associated Press. Դոնալդ Թրամփը 90 օրով դադարեցնում է ԱՄՆ արտաքին օգնության բոլոր ծրագրերը

12:31, 21.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով դադարեցնում է երկրի արտաքին օգնության բոլոր ծրագրերը 90 օրով՝ մինչև վերանայումը։ Ծրագրերի ժամանակավոր կասեցման նպատակն է որոշել, թե արդյոք դրանք համապատասխանում են իր քաղաքականության նպատակներին:

Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։

Փաստաթղթում նշվում է, որ «արտաքին օգնության արդյունաբերությունը և բյուրոկրատիան համահունչ չեն ամերիկյան շահերին և շատ դեպքերում հակասում են երկրի արժեքներին»:

Նշվում է նաև, որ այլ պետություններին օգնությունը «նպաստում է համաշխարհային խաղաղության ապակայունացմանը՝ օտար երկրներում առաջ մղելով գաղափարներ, որոնք ուղղակիորեն հակասում են ներդաշնակ և կայուն հարաբերություններին՝ ինչպես այդ երկրների ներսում, այնպես էլ այդ երկրների և այլ պետությունների միջև»:

Ուստի Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի կողմից ոչ մի հետագա արտաքին օգնություն չի տրամադրվի այնպես, որ լիովին չհամապատասխանի երկրի նախագահի արտաքին քաղաքականությանը»։

Ինչպես հայտնում է գործակալությունը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին ասել է իր լսումների ժամանակ, որ «յուրաքանչյուր դոլար, որը մենք ծախսում ենք, յուրաքանչյուր ծրագիր, որը մենք ֆինանսավորում ենք, և յուրաքանչյուր քաղաքականություն, որը մենք ընդունում ենք, պետք է պատասխանի երեք հարցի. Արդյո՞ք սա ավելի անվտանգ է դարձնում Ամերիկան: Արդյո՞ք սա ավելի ուժեղ է դարձնում Ամերիկան: Արդյո՞ք սա ​​ավելի բարգավաճ է դարձնում Ամերիկան:

Ի գիտություն ձեզ, Պետդեպարտամենտը և Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը հիմնական գերատեսչություններն են, որոնք վերահսկում են արտաքին օգնությունը:

Նմանատիպ