Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան հանդիպման շրջանակներում Լաշա Խուցիշվիլին հանդիպել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Լիզա Ռայթին
Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան հանդիպման շրջանակներում Լաշա Խուցիշվիլին հանդիպել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Լիզա Ռայթին

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 59-րդ տարեկան հանդիպման շրջանակներում Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Լիզա Ռայթին: Այս մասին տեղեկատվություն է տարածում ֆինանսների նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալ Էկատերինե Գունցաձեն և բանկի գործադիր տնօրենի տեղակալի խորհրդական Էվելին Լամը:

«Կողմերը քննարկել են Վրաստանի և Ասիական զարգացման բանկի միջև գործընկերության հարցերը: Ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել բանկի գործադիր տնօրենի տեղակալին բազմամյա հաջող հարաբերությունների համար և ընդգծել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության կարևորությունը: Ուշադրություն է դարձվել միջազգային մասշտաբի ենթակառուցվածքային նախագծերին, որոնք առանցքային դեր ունեն ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի զարգացման գործում:

Հանդիպմանը շեշտվել է տնտեսական և հարկաբյուջետային կառավարման կայունությունը և Վրաստանի ձեռքբերած արդյունքները թե՛ կառուցվածքային, թե՛ տնտեսական բարեփոխումների ուղղությամբ: Ինչպես նշվել է, Ասիական զարգացման բանկը կշարունակի աջակցել երկրին՝ առաջնահերթ ոլորտների ֆինանսավորման միջոցով: Այս տարի Ասիական զարգացման բանկի տարեկան հանդիպումը հյուրընկալում է Ուզբեկստանի Հանրապետությունը՝ Սամարղանդ քաղաքում»,- նշված է ֆինանսների նախարარության տարածած տեղեկատվության մեջ: