Արտաքին գործերի նախարարություն. Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ զրույցի ընթացքում նշվել է, որ ՍԻԼՎԱՐ նավի հետ կապված անընդունելի է դեսպանատան հայտարարության ոգին, և մանիպուլյատիվ գործողությունները ստվեր են գցում երկու երկրների միջև հարաբերությունների վրա
Արտաքին գործերի նախարարություն. Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ զրույցի ընթացքում նշվել է, որ ՍԻԼՎԱՐ նավի հետ կապված անընդունելի է դեսպանատան հայտարարության ոգին, և մանիպուլյատիվ գործողությունները ստվեր են գցում երկու երկրների միջև հարաբերությունների վրա

Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը հրավիրվել է հանդիպման Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ. այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի կողմից միջազգային պատժամիջոցների ռեժիմների պահպանման հարցը և այդ ուղղությամբ Վրաստանի կառավարության ու համապատասխան պետական գերատեսչությունների աշխատանքը։

«Նշվել է, որ այն պայմաններում, երբ Վրաստանի կողմից միջազգային պատժամիջոցների խախտման ոչ մի փաստ չկա, և Վրաստանի իշխանություններն անխափան համագործակցում են միջազգային գործընկերների հետ, անհասկանալի են այս հարցի շուրջ մշտական շահարկումները։

Այս համատեքստում մտահոգիչ է Միացյալ Թագավորության կողմից «SILVAR» (IMO 9291262) նավի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ դեսպանատան տարածած հայտարարության մեջ Վրաստանի վրա արված շեշտադրումը, որը միտումնավոր ծառայում է թյուր պատկերացումների ամրապնդմանը և Վրաստանի շահերին վնաս հասցնելուն»,- նշված է ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ։

Ըստ նրանց հաղորդման՝ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ դեսպանատան տարածած հայտարարության մեջ Վրաստանի հիշատակումն անընդունելի է այն դեպքում, երբ նավի՝ Վրաստան մուտք գործելու և շահագործվելու ժամանակ նրա նկատմամբ ոչ մի միջազգային պատժամիջոց գոյություն չի ունեցել, այն ունեցել է «Lloyd’s Register»-ի (Միացյալ Թագավորություն) գործող դասակարգում, շահագործվել է միջազգային ծովային առևտրի բազմաթիվ երթուղիներով և այցելել ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական և աֆրիկյան նավահանգիստներ, այդ թվում՝ Մալթա, Դանիա (Սկագեն), Եգիպտոս, Մալայզիա, Հնդկաստան, Չինաստան և այլն։ Բացի այդ, Վրաստանի բոլոր իրավասու մարմինները գործել են գործող ազգային և միջազգային պարտավորությունների լիարժեք պահպանմամբ։

«Բրիտանական կողմին նաև քաջ հայտնի է, որ Վրաստան մուտք գործելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ նշված նավը Դանիայի Թագավորությունում անցել է նավահանգստի պետական հսկողության ստուգում (Port State Control), որի շրջանակներում նավը չի կալանվել, ինչը հաստատում է դրա համապատասխանությունը միջազգային ծովային անվտանգության և տեխնիկական վերահսկողության պահանջներին»,- նշված է արտաքին գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։

Ըստ նույն տեղեկությունների՝ Գիորգի Զուրաբաշվիլին Միացյալ Թագավորության դեսպանի հետ զրույցում նշել է, որ անընդունելի է դեսպանատան հայտարարության ոգին, և նման մանիպուլյատիվ գործողությունները ստվեր են գցում Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների վրա։

«Հանդիպման ավարտին ընդգծվել է կառուցողական համագործակցության կարևորությունը»,- նշված է արտաքին գերատեսչության տեղեկատվության մեջ։

Ի տեղեկություն՝ Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը հունիսի 16-ին տեղեկատվություն է տարածել «SILVAR» նավը պատժամիջոցների նոր փաթեթում ներառելու մասին։