«Արտադրիր Վրաստանում» նախագծի աջակցությամբ սկսվում է վրացական ընկերությունների ցուցակագրումը Alibaba.com կայքում
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրիր Վրաստանում» գործակալության աջակցությամբ սկսվում է վրացական ընկերությունների տեղադրում էլեկտրոնային առևտրի առաջատար B2B հարթակում՝ Alibaba.com-ում։
Նախարարության տեղեկությամբ՝ առաջին փուլում նախատեսվում է հարթակում գրանցել մինչև 50 վրացական ընկերություն։
«Գործակալությունը լիովին կհոգա տարեկան անդամավճարը, ինչպես նաև արտադրանքի առաջմղման և հարթակում տեղադրման հետ կապված այլ ծախսերը։ Վրացական ընկերությունները կօգտվեն այսպես կոչված Global Gold Supplier կարգավիճակից՝ յուրատեսակ վերիֆիկացիայից, որը բարձրացնում է վստահությունը ընկերությունների հանդեպ և օգնում է պոտենցիալ գնորդներին՝ ընդունել տեղեկացված որոշումներ։ Alibaba.com-ում տեղադրումը վրացական ընկերություններին կտա եզակի հնարավորություն՝ դուրս գալու գլոբալ շուկա, ներգրավելու միջազգային գործընկերների և մեծացնելու արտահանումը», – ասված է նախարարության հաղորդագրությունում։
Բացի այդ, գերատեսչության տվյալներով, հարթակում տեղադրվելիք ընկերությունների ընտրությունը կատարվում է երկու փուլով։
«Առաջին փուլում «Արտադրիր Վրաստանում» գործակալության tradewithgeorgia.com էլեկտրոնային հարթակում տարիների ընթացքում ամենաբարձր միավորներ ստացած ընկերությունների դասակարգում/ընտրություն է իրականացվել։ Երկրորդ փուլում Alibaba.com-ի թիմին ներկայացված ընկերությունները կանցնեն լրացուցիչ վերիֆիկացիա։ Ընտրության ավարտից հետո գործակալության աջակցությամբ կկազմակերպվի ընկերությունների վերապատրաստում, որից հետո կսկսվի նրանց տեղադրումը հարթակում։
Մոտ ապագայում նախատեսվում է Alibaba.com-ի թիմի այցը Վրաստան, որի ընթացքում էլեկտրոնային առևտրի առաջատար հարթակի ներկայացուցիչները կծանոթանան վրացական արտադրանքին։
Alibaba.com-ը հիմնադրվել է 1999 թվականին։ Էլեկտրոնային առևտրի առաջատար B2B հարթակը սպասարկում է գնորդների և մատակարարների աշխարհի 200 երկրում և տարածաշրջանում։ Հարթակը ընդգրկում է առևտրի տարբեր ուղղություններ, ինչը բիզնեսներին օգնում է դուրս գալ գլոբալ շուկա, իսկ գնորդներին՝ հայտնաբերել ապրանքներ, գտնել մատակարարներ և պատվերներ կատարել արագ և արդյունավետ», – նշված է էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում։