Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Վրաստանը հայտարարել է մալարիայից ազատ երկիր

13:33, 21.01.2025

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Վրաստանը հայտարարել է մալարիայից ազատ երկիր,- հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարությունը։

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն շնորհավորել է Վրաստանին մալարիայից ազատ երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ, Վրաստան: Այս ձեռքբերումը պայմանավորված է կայուն ներդրումներով, բուժաշխատողների նվիրված և կենտրոնացված ջանքերով, կանխարգելման, վաղ հայտնաբերման և մալարիայի բոլոր դեպքերի արդյունավետ բուժմամբ», – ասաց Կլուգեն:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս հավաստագիրը տրամադրվում է, եթե հաստատվում է, որ մալարիայի փոխանցման շղթան խախտվել է ողջ երկրում առնվազն վերջին երեք տարում։

Ինչպես նշել է առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն, մալարիայից ազատ երկրի հռչակումը Վրաստանի առողջապահական համակարգի կայունության ևս մեկ ճանաչում է։ Նրա խոսքով, այս հաջողությունը նշանակում է, որ Վրաստանը կարողություն ունի հաղթահարելու կարևոր և լուրջ մարտահրավերները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վրացական գրասենյակի ղեկավարը նույնպես արձագանքել է Վրաստանի՝ մալարիայից ազատ երկիր լինելու մասին հայտարարությանը։ Ըստ Սիլվիո Դոմենտեի՝ «դա հսկայական ներդրում էր և մեծ աշխատանք՝ մալարիայի հայտնաբերման, ախտորոշման և բուժման առումով»:

Վրաստանը տեղի մալարիայից զերծ երկիր ճանաչելու և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավաստագրման համար հայտ էր ներկայացրել 2024 թվականի օգոստոսին։

Նմանատիպ