Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հույս ունի, որ ԱՄՆ-ը կվերանայի կազմակերպությունից դուրս գալու իր որոշումը

15:26, 21.01.2025

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկիրը կազմակերպությունից դուրս բերելու որոշմամբ։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարևոր դեր է խաղում աշխարհի բնակչության, այդ թվում՝ ամերիկացիների առողջության և անվտանգության պաշտպանության գործում՝ վերացնելով հիվանդության հիմնական պատճառները, կառուցելով առողջապահական ավելի ուժեղ համակարգեր և հայտնաբերելով, կանխելով և արձագանքելով առողջապահական արտակարգ իրավիճակներին»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնադիր անդամ է։ Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փրկել են անթիվ կյանքեր և պաշտպանել ամերիկացիներին և մյուսներին առողջության սպառնալիքներից:

«Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կվերանայի իր որոշումը և ակնկալում է կառուցողական երկխոսություն սկսել՝ Միացյալ Նահանգների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև գործընկերությունը պահպանելու համար՝ հանուն միլիոնավոր մարդկանց առողջության և բարօրության ամբողջ աշխարհում», – ասվում է հայտարարության մեջ:

Ի գիտություն ձեզ, Դոնալդ Թրամփը իր երդմնակալությունից հետո գործադիր հրաման է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին։

Նմանատիպ