Առնվազն 330 պաղեստինցի է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով, հայտնում է ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող առողջապահության նախարարությունը

12:50, 18.03.2025

Իսրայելական բանակը հայտարարել է, որ «լայնածավալ հարվածներ» է հասցնում ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում։

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող առողջապահության նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 330 պաղեստինցի։

Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ հարվածները պատվիրել են Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

«Դա հետևում է պատանդներին ազատ արձակելու ՀԱՄԱՍ-ի բազմիցս մերժմանը, ինչպես նաև այն բոլոր առաջարկներին, որոնք նրանք ստացել են ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Վիտկոֆից և միջնորդներից: Այսուհետ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ կգործի մեծացող ռազմական ուժով»,- ասվում է հայտարարության մեջ։

Ենթադրվում է, որ հարվածը սպանել է ՀԱՄԱՍ-ի ներքին գործերի փոխնախարար Մահմուդ Աբու Վաֆային:

Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ սա Գազայի հատվածում ավիահարվածների ամենախոշոր ալիքն է հունվարի 19-ին զինադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումից հետո։

Ականատեսները պատմել են, որ իրենք նկատել են ավելի քան 20 իսրայելական ռազմական ինքնաթիռ։ Հարձակումն իրականացվել է Ռաֆահի եւ Խան Յունիսի ուղղությամբ։

ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիրը չեղարկելու համար Իսրայելին մեղադրել է դավաճանության մեջ, սակայն Համասը դեռևս որևէ հայտարարություն չի արել իր ապագա ծրագրերի մասին։

Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչը Fox News-ին ասել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախապես տեղեկացված է եղել Իսրայելի հարվածների մասին։

Տեղեկացնենք, որ մարտի 1-ին ժամանակավոր հրադադարի առաջին փուլի ավարտից հետո կողմերը փորձել են շարունակել բանակցությունները։

ԱՄՆ-ը կողմերին առաջարկել է երկարաձգել հրադադարը մինչև ապրիլի կեսը, որը կներառի իսրայելական բանտերում պահվող լրացուցիչ պատանդների և պաղեստինցիների ազատ արձակումը։

Այնուամենայնիվ, պաղեստինցի պաշտոնյան BBC-ին ասել է, որ Իսրայելը և Համասը չեն կարողացել համաձայնության գալ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկովի կողմից ներկայացված գործարքի առանցքային կետերի շուրջ:

Նմանատիպ