Արիզոնայի և Կոլորադոյի կիրճերից այցելուներն ու աշխատակիցները տարհանվել են անտառային հրդեհների պատճառով
Արիզոնայի նահանգում՝ Գրանդ Կանյոնի ազգային պարկի որոշ հատվածներում, անտառային հրդեհների պատճառով հայտարարվել է տարհանում։ Այս մասին գրում է «Դոյչե Վելլե»–ն։
Հրդեհներից մեկը բռնկվել է հուլիսի 4-ին՝ կայծակի հարվածից։ Արդյունքում արդեն այրվել է 10 973 հեկտար տարածք, և մինչ այս պահը հրդեհը դեռ չի մարվել։
Ինչպես նշում են հրշեջ ծառայությունները, բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամին բարդացնում են հրդեհը մարելու աշխատանքները։
Միևնույն ժամանակ, Կոլորադոյում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանվել են բոլոր այցելուներն ու աշխատակիցները Գանիսոնի ազգային պարկի Սև Կանյոնից։
«Դոյչե Վելլե»–ի հաղորդմամբ, վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ արևմտյան հատվածում շոգ և չոր եղանակը մեծացրել է հրդեհների ռիսկը։