Առևտրային համաձայնագիր է ստորագրվել Եվրամիության և Մերկոսուրի (Հարավային Ամերիկայի երկրներ) միջև։ 25 տարվա բանակցություններից հետո կողմերը համաձայնագիրը ստորագրել են Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում
Համաձայնագիրը, որը նպատակ ունի նվազեցնել սակագները և խթանել առևտուրը երկու տարածաշրջանների միջև, այժմ պահանջում է Եվրախորհրդարանի համաձայնությունը՝ ուժի մեջ մտնելու համար։ Այն նաև պետք է վավերացվի Մերկոսուրի անդամ պետությունների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի օրենսդիր մարմինների կողմից։
Չնայած ֆերմերների և բնապահպանական խմբերի դժգոհությանը, ովքեր կարծում են, որ էժան հարավամերիկյան ապրանքների ներմուծումը կաճի, եվրոպական երկրները կարողացան համաձայնության գալ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ համաձայնագիրը կստեղծի աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտին։
«Այս համաձայնագիրը շատ ուժեղ ուղերձ է հղում աշխարհին։ Այն արտացոլում է հստակ և գիտակցված ընտրություն։ Մենք ընտրում ենք արդար առևտուրը սակագների փոխարեն։ Մենք ընտրում ենք արդյունավետ, երկարաժամկետ գործընկերությունը մեկուսացման փոխարեն», – ասաց ֆոն դեր Լեյենը։