Արդարադատության տները և հանրային կենտրոնները քաղաքացիներին կսպասարկեն երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 18:00-ն
Համաձայն «Մեկուսացման և կարանտինի մասին» Վրաստանի կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությունների, Արդարադատության տները և հանրային կենտրոնները երկրի ողջ տարածքում քաղաքացիներին կսպասարկեն երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 18:00-ն:
Արդարադատության տան տարածած տեղեկատվության համաձայն, մինչ այժմ Թբիլիսիի, Քութաիսիի և Բաթումիի Արդարադատության տները հաճախորդներին սպասարկում էին 09:00-21:00-ն:
«Ինչ վերաբերում է այն ծառայություններին, որոնք քաղաքացիներին հաճախ շտապ անհրաժեշտ են՝ ծննդյան եւ մահվան վկայականներ, պետական ծառայությունների զարգացման գործակալությունը դրանք հանգստյան օրերին արձակում է միայն էլեկտրոնային ձևով:
Մասնաճյուղերում ծառայությունները կշարունակվեն նախնական ամրագրման համակարգով: Հետևաբար, Արդարադատության տուն և Հանրային կենտրոն ժամանող հաճախորդները չեն կարողանա ստանալ ծառայությունը առանց MY.GOV.GE կայքէջում այցը նախնական ամրագրելու: Ծառայություն ստանալու համար անձինք շենքեր կկարողանան մուտք գործել միայն շնչադիմակով:
Արդարադատության տան ծառայությունների գերակշիռ մասը հասանելի է հեռակա կարգով՝ առցանց, որը 2013 թվականից ի վեր արդարադատության նախարարության կողմից իրականացված մի շարք կարևոր բարեփոխումների և լայնածավալ աշխատանքների արդյունք է: Քաղաքացիները կարող են ծառայություններ ստանալ էլեկտրոնային եղանակով՝ ծառայությունների միասնական կայքէջում` MY.GOV.GE:
MY.GOV.GE-ն հաճախորդներին հնարավորություն է տալիս առանց տանից դուրս գալու, առցանց օգտվել իրենց համար անհրաժեշտ ավելի քան 200 ծառայություններից: Մասնավորապես, քաղաքացին կարող է նամակագրվել հանրային գերատեսչության հետ, գնման, նվիրելու կամ այլ գործարքի հիման վրա գրանցել անշարժ գույք, գրանցել ձեռնարկատիրական սուբյեկտ, դառնալ սեփականատեր հողերի գրանցման բարեփոխման շրջանակներում և այլն. Հնարավոր է նաև հեռակա կարգով էլեկտրոնային փաստաթուղթ վավերացնել, գրանցվել նոր հասցեով, դիմել ծննդյան և մահվան վկայականների, ինչպես նաև կենսաչափական անձնագրի և էլեկտրոնային նույնականացման քարտի համար: Հաճախորդը պատրաստի փաստաթղթերը կստանա փոստով», – հայտարարում են Արդարադատության տանը:
Նրանց փոխանցմամբ, MY.GOV.GE- ի միջոցով հնարավոր է նաև օգտվել տարբեր մունիցիպալ ծառայություններից, պահանջել արխիվային տեղեկանքներ և ստանալ արդարադատության նախարարության ավելի քան 200 առցանց ծառայություններ:
Հեռակա ծառայությունների ցանկը հասանելի է էլեկտրոնային ծառայությունների միասնական կայքէջում: