Արչիլ Թալակվաձե. Վաշինգտոնում անցկացված հանդիպումներից հետո համոզվեցի, որ ցածր աջակցություն ունեցող կուսակցություններն իրենց քարոզարշավն են ծավալում Վաշինգտոնում
Վրաստանն ունի ԱՄՆ-ի հզոր աջակցությունը և վստահությունը, կա մեծ լավատեսություն, որ մենք շարունակում ենք ժողովրդավարության կայունացումը, էկոնոմիկայի հզորացումը և անվտանգության ոլորտում մնում ենք ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներից մեկը,- այս հայտարարությունն արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ Վաշինգտոնում այցի ավարտին:
Այցի շրջանակներում կայացել է ավելի քան 20 հանդիպում կոնգրեսում և սենատում, այդ թվում նաև այն կոնգրեսականների հետ, ովքեր վերջին ժամանակաշրջանում ուղարկված քննադատական նամակների հեղինակներն էին:
Ինչպես հայտարարել է Արչիլ Թալակվաձեն այցի ավարտին, հանդիպումների ձևաչափում նա հնարավորություն է ունեցել ամերիկացի քաղաքական գործիչներին ծանոթացնել երկրի կառավարող թիմի տեսլականների հետ:
Խորհրդարանի նախագահի մեկնաբանմամբ, հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը առաջիկա ընտրություններն էր և ընտրական համակարգի հետ կապված քննարկումները:
«Փաստ է, Վաշինգտոնում անցկացված հանդիպումներից հետո համոզվեցի, որ ցածր աջակցություն ունեցող կուսակցությունները, որոնք Վրաստանում չունեն ժողովրդի վստահությունը և աջակցությունը, հիմնականում իրենց քարոզարշավն են ծավալում Վաշինգտոնում»,- հայտարարել է Թալակվաձեն: