Արչիլ Թալակվաձե. Սաակաշվիլուն վրացական դատարանները ճանաչել են մեղավոր, նրա փոխվարչապետի պաշտոնում հնարավոր նշանակումը ստվերի տակ է դնում քաղաքական համագործակցությունը մեր կառավարությունների միջև
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն նամակով դիմել է Ուկրաինայի Ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման մասին:
«Թանկագին գործընկեր, անչափ գնահատում եմ մեր երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է փոխըմբռնման վրա: Վրաստանը և Ուկրաինան անկախ և ինքնիշխան պետություններ են, մեծ ձեռքբերումներով և մարտահրավերներով: Մենք ունենք ընդհանուր նպատակներ եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու առնչությամբ:
Հենց այս առանձնահատուկ հարաբերություններն են տալիս ձեզ և Ռադայում իմ գործընկերներին նամակով դիմելու իրավունք, որպեսզի կիսվեմ մեր մտահոգությամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու Ուկրաինայի փոխարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման մասին:
«Պարոն խոսնակ, բոլորիս հայտնի է, որ Միխեիլ Սաակաշվիլուն վրացական դատարանները ճանաչել են մեղավոր՝ մի շարք մեղադրանքներում: Այդ ծանր մեղադրանքներում նրա մեղքը հաստատել են բոլոր երեք ատյանների դատարանները: Նրա հնարավոր նշանակումը կխախտի փոխադարձ վստահությունը մեր պետությունների և ինստիտուտների միջև: Նրա հնարավոր նշանակումը ստվերի տակ է դնում քաղաքական համագործակցությունը մեր կառավարությունների միջև և մեր համատեղ ջանքերը: Մենք ունենք բազմաթիվ ընդհանուր մարտահրավերներ և նպատակներ տարածքային ամբողջականության ճանապարհին, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով:
Գրում եմ, քանի որ հավատում եմ, որ մեր համաքաղաքացիները պետք է իմանան այս հանգամանքները և գիտակցեն մեր վրդովմունքի հիմքը, որը պետք է հայտնի լինի ուկրաինացի գործընկերներին՝ նախքան որոշում կայացնելը:
Վստահ եմ, մեր համատեղ ջանքերը կշարունակվեն նաև հետագա տարիների ընթացքում՝ մեր ազգերի շահերի համար»,- նշված է Արչիլ Թալակվաձեի նամակում: