Արբանյակային պատկերները հաստատում են, որ անցած ամսվա ընթացքում ռուսական պատվիրակությունը երկու անգամ այցելել է Իրանի օդանավակայաններից մեկը՝ մարտական անօդաչու սարքեր դիտելու համար. Ջեյք Սալիվան
Անցած ամսվա ընթացքում ռուսական պատվիրակությունը երկու անգամ այցելել է Իրանի օդանավակայաններից մեկը՝ տեսնելու մարտական անօդաչու թռչող սարքեր։
Ինչպես «Սի Էն Էն» հեռուստաընկերությանը հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, դա հաստատվում է արբանյակային պատկերներով։
Այս շաբաթվա սկզբին Սալիվանն ասել էր, որ Վաշինգտոնի տվյալներով՝ Իրանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստանին։
Խոսքը «Շահեդ-191» և «Շահեդ-129» անօդաչու թռչող սարքերի մասին է։ Նշված անօդաչու թռչող սարքերը հնարավոր է համալրել բարձր ճշգրտության հրթիռներով։
Սալիվանի խոսքով՝ արբանյակային լուսանկարները հաստատում են, որ հունիսին Ռուսաստանի կառավարական պատվիրակությունը գտնվում էր երկրի կենտրոնական մասում գտնվող Քաշանի օդանավակայանում։ Երկրորդ նմանատիպ այցը կատարվել է հուլիսի 5-ին։