Անկարայում զանգվածային հավաքներն արգելվել են մինչև ապրիլի 1-ը
Անկարայի նահանգապետարանը մարտի 26-ից ապրիլի 1-ն արգելել է զանգվածային ցույցերը, հավաքներն ու ակցիաները։ Այս մասին ասվում է տեղական վարչակազմի հայտարարության մեջ։
«Մարտի 26-ի ժամը 00:00-ից մինչև ապրիլի 1-ը ժամը 23:59-ն արգելվում են զանգվածային հավաքները փակ և բաց տարածքներում, ցույցերը, երթերը, մամուլի հաղորդագրությունները, նստացույցերը, ստորագրահավաքները, համանման հանրահավաքներն ու միջոցառումները, ինչպես նաև թռուցիկների բաժանումն ու պաստառների ցուցադրումը»,- ասված է մարզպետարանի հաղորդագրության մեջ։
Նախկինում Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի իշխանությունները սահմանափակել էին զանգվածային երթերը։ Սա կապված է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ, որը Թուրքիայում բողոքի ցույցերի է հանգեցրել։ Հանրահավաքների մի մասն ավարտվել է ցուցարարների բախումներով ոստիկանների հետ։