Անցած չորս ամսում արտահանվել է ավելի քան 63 միլիոն դոլարի վրացական պնդուկ
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ, 2020 թվականի օգոստոսի 1-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում արտահանվել է 12 167 տոննա պնդուկ, որի արժեքը կազմել է 63,4 միլիոն ԱՄՆ դոլար:
Նախարարության տվյալներով, նշված ժամանակահատվածում իրականացրած պնդուկի արտահանման ծավալը 3 472 տոննայով (40 տոկոս) ավել է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ արտահանման արժեքն աճել է 20,2 միլիոն ԱՄՆ դոլարով (47 տոկոս): Նույն ժամանակահատվածում պնդուկի արտահանման գինն աճել է հինգ տոկոսով:
Վրացական պնդուկը հիմնականում արտահանվում է Եվրամիության շուկաներ, մասնավորապես ՝ Գերմանիա (3 530 տոննա), Իտալիա (2 581 տոննա), Չեխիա (594 տոննա), Լիտվա (355 տոննա), Լեհաստան (354 տոննա), Իսպանիա (352 տոննա), Բուլղարիա (322 տոննա), Ֆրանսիա (240 տոննա), Հունաստան (97 տոննա), Էստոնիա (88 տոննա), Լատվիա (84 տոննա), Լյուքսեմբուրգ (84 տոննա), Սլովակիա (74 տոննա), Ավստրիա (22 տոննա) և Խորվաթիա ( 10 տոննա):
Վրացական պնդուկն արտահանվում է նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Հայաստանը (680 տոննա), Ռուսաստանը (540 տոննա), Թուրքիան (530), Բելառուսը (306 տոննա), Ուկրաինան (212 տոննա), Բրազիլիան (186 տոննա), Ալժիրը (185 տոննա), Կանադան (146 տոննա), Սաուդյան Արաբիան (95 տոննա), Մեքսիկան (67 տոննա), Ուզբեկստանը (58 տոննա), Սիրիան (50 տոննա), Շվեյցարիան (47 տոննա), Հորդանանն (38 տոննա), Իրաքը (24 տոննա), Մեծ Բրիտանիան (22 տոննա), ԱՄՆ-ը (19 տոննա) և այլն: