«Amnesty International». Ռուսաստանը Զապոռոժյեի ատոմակայանը օգտագործում է որպես ռազմակայան

10:33, 13.08.2022

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ Ռուսաստանը Զապոռոժյեի ատոմակայանը օգտագործում է որպես ռազմակայան, ինչը վտանգում է խաղաղ բնակիչներին։

Այս մասին ասված է կազմակերպության «Twitter» միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։

«Այն տեղեկատվությունը, որը մենք ստանում ենք Էներգոդարից՝ ատոմակայանի հարակից քաղաքից, ցույց է տալիս Ռուսաստանի ռազմականացման սարսափելի ազդեցությունը խաղաղ բնակչության վրա»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

«Amnesty International»-ն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի մոտ և ապառազմականացնել տարածքը։

Բացի այդ, «Amnesty International»-ի օգոստոսի 4-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը ռազմական տեխնիկա են տեղադրում բնակելի շրջաններում, ինչը վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար։

Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչները քննադատել են «Amnesty International»-ի զեկույցը և հերքել դրանում ներկայացված մեղադրանքները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Amnesty International»-ը փորձում է համաներել ահաբեկչական պետությանը և պատասխանատվությունը դնել զոհի վրա՝ ագրեսորի փոխարեն։

Ինքը՝ կազմակերպությունը, հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարության քննադատությունը չի փոխում զեկույցում նշված փաստերը։

Նմանատիպ