ԱՄՆ-ում այսպես կոչված շաթդաունը 36-րդ օրն է, շարունակվում է և դառնում պատմության մեջ ամենաերկարը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսպես կոչված շաթդաունը արդեն 36-րդ օրն է շարունակվում՝ դառնալով պատմության մեջ ամենաերկարատևը։
Շաթդաունը, որը պայմանավորված է ֆինանսավորման դադարեցմամբ և դաշնային կառույցների աշխատանքի կասեցմամբ, սկսվել է հոկտեմբերի 1-ից։ Դրա պատճառը Դեմոկրատների և Հանրապետականների միջև բյուջեի նոր նախագծի շուրջ անհամաձայնությունն է։ Ըստ ամենի, հիմնական վիճահարույց հարցը առողջապահության ծախսերն են։
«ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ դաշնային գերատեսչություններում աշխատողներից շատերը շարունակում են աշխատել առանց վարձատրության, իսկ միլիոնավոր ամերիկացիներ զրկված են հիմնական ծառայություններից։
Միևնույն ժամանակ, Դեմոկրատներն ու Հանրապետականները մի քանի շաբաթ է, ինչ չեն կարողանում հասնել համատեղ համաձայնության բյուջեի նոր նախագծի շուրջ։
ԱՄՆ պատմության մեջ նախկինում ամենաերկար շաթդաունը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ժամանակ՝ 2018-2019 թվականներին, և տևել է 35 օր։