ԱՄՆ սենատորների մի խումբ ներկայացրել է առաջին բանաձևը, որով կոչ է արվում Սենատին ճանաչել Պաղեստին պետությունը
ԱՄՆ սենատորների մի խումբ ներկայացրել է առաջին բանաձևը, որով կոչ է արվում Սենատին ճանաչել Պաղեստին պետությունը

Ամերիկացի սենատորների խումբը ներկայացրել է առաջին բանաձևը, որը կոչ է անում Սենատին ճանաչել Պաղեստինյան պետությունը։

Բանաձևում կոչ է արվում ԱՄՆ-ին ճանաչել ապառազմականացված Պաղեստինյան պետությունը՝ տարածաշրջանում խաղաղության խթանման նպատակով։

Ինչպես գրում է «Reuters»-ը, քիչ հավանական է, որ Դեմոկրատների կողմից ներկայացված բանաձևը հաստատվի Սենատում, որտեղ Հանրապետականներն ունեն 53-47 մեծամասնություն։ Բացի այդ, Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին հայտարարել է, որ համաձայն չէ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ՝ Պաղեստինյան պետության ճանաչման հարցում։

Հրապարակման տվյալներով՝ ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը այս շաբաթ եզրակացրել է, որ Իսրայելը Գազայի հատվածում իրականացրել է ցեղասպանություն։ Իսկ Իսրայելը հայտարարել է, որ այդ եզրակացությունները կողմնակալ են և հիմնված են չհաստատված ապացույցների վրա։

Հիշեցնենք, որ Իսրայելի զինված ուժերը սեպտեմբերի 16-ին վերսկսել են ցամաքային հարձակումը Գազա քաղաքի օկուպացման նպատակով։ Մեդիայի հաղորդմամբ՝ այն բանից հետո, երբ Իսրայելը շրջափակել է Գազայի հատվածը, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել, և բնակչությունն ունի սննդի, խմելու ջրի և դեղորայքի խիստ պակաս։ Նրանց տվյալներով՝ ներկայումս Իսրայելը վերահսկում է Գազայի մոտ 75%-ը։