ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կայցելի Վատիկան
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կայցելի Վատիկան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կայցելի Վատիկան, հաղորդում են իտալական լրատվամիջոցները։

Հրապարակման համաձայն՝ Մարկո Ռուբիոն կհանդիպի Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Դեռևս հայտնի չէ՝ կկայանա՞ արդյոք Հռոմի պապ Լեո XIV հետ հանդիպումը։

Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Հռոմ, որտեղ բանակցություններ կվարի Իտալիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։ Լրատվամիջոցների համաձայն՝ Ռուբիոն նաև հանդիպում է խնդրել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, չնայած դեռևս հաստատված չէ՝ կկայանա՞ն արդյոք բանակցությունները։

Հրապարակումը նշում է, որ այցը նպատակ ունի մեղմել երկու երկրների միջև լարվածությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ ամիս հրապարակավ քննադատել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին։ Հռոմի պապը նույնպես դարձել է Դոնալդ Թրամփի քննադատության առարկա։

Տեղեկության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Հռոմի պապը թույլ է հանցագործության դեմ, բայց սարսափելի՝ արտաքին քաղաքականության մեջ»։ Նա ասել է, որ չի ուզում այնպիսի Հռոմի պապ, որը քննադատում է ԱՄՆ նախագահին։ Ի պատասխան՝ Հռոմի պապը նշել է, որ չի վախենում ԱՄՆ նախագահի վարչակազմից և կշարունակի ակտիվորեն խոսել պատերազմի դեմ։