ԱՄՆ-ն պլանավորում է 10 F-35 կործանիչ տեղակայել Պուերտո Ռիկոյում՝ թմրավաճառության դեմ պայքարի համար
Նարկոկարտելների դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ը Պուերտո Ռիկոյում կտեղակայի «F-35» տեսակի տասը կործանիչ։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես աղբյուրն ասել է լրատվամիջոցին, կործանիչները կտեղակայվեն Պուերտո Ռիկոյի ավիաբազաներում՝ նարկոկարտելների դեմ գործողությունների իրականացման նպատակով։ Ռազմական ինքնաթիռները տեղում կլինեն արդեն հաջորդ շաբաթ։
Օգոստոսին Թրամփի վարչակազմը ռազմական նավեր է տեղակայել Կարիբյան ծովի ավազանի հարավային հատվածում։ Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Կարիբյան ծովում Վենեսուելայից եկող նավին, որի հետևանքով զոհվել է 11 մարդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ նավում իրականացվում էր թմրանյութերի ապօրինի տեղափոխում ահաբեկիչների կողմից։ Մինչ այդ, այս շաբաթվա սկզբին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ փորձում է ռազմական սպառնալիքներով հասնել ռեժիմի փոփոխության Վենեսուելայում։