ԱՄՆ-ն պատրաստվում է ՄԱԿ-ին ներկայացնել բանաձև՝ Գազայում միջազգային անվտանգության ուժերի տեղակայման երկամյա մանդատը հաստատելու համար
«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները մշակել է ՄԱԿ-ի բանաձևի նախագիծ, որը նախատեսում է անցումային կառավարման մարմնի ստեղծում Գազայի հատվածում և միջազգային անվտանգության ուժերի երկու տարվա մանդատի հաստատում Պաղեստինյան անկլավում։
Ըստ աղբյուրի՝ նախագիծը դեռ մշակման փուլում է և պաշտոնապես չի փոխանցվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Գազայի հարցով, ներառյալ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության պլանը, բանակցություններ են ընթանում Անվտանգության խորհրդի անդամների և այլ գործընկերների հետ։
Հայտնի է, որ Գազայում միջազգային ուժերը լիազորված կլինեն պաշտպանել խաղաղ բնակչությանը, աջակցել հումանիտար օգնության առաքման գործողություններին և ապահովել սահմանային գոտիների անվտանգությունը Իսրայելի և Եգիպտոսի հետ։ «Ռոյթերս»-ի հաղորդմամբ՝ թեև Թրամփի վարչակազմը բացառել է ամերիկացի զինծառայողների ուղարկումը Գազայի հատված, այնուամենայնիվ բանակցություններ են վարում Ինդոնեզիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Քաթարի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ այդ երկրներից կազմավորվող բազմազգ ուժերում մասնակցության ապահովման նպատակով։