ԱՄՆ-ն կոչ է անում Չինաստանին համոզել Իրանին չփակել Հորմուզի նեղուցը

20:03, 22.06.2025

ԱՄՆ-ն կոչ է անում Չինաստանին համոզել Իրանին չփակել Հորմուզի նեղուցը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է անում Չինաստանի կառավարությանը այս հարցով դիմել իրանցիներին, քանի որ նրանք իրենք զգալիորեն կախված են Հորմուզի նեղուցից նավթի տեղափոխման համար:

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը կլինի սարսափելի սխալ և «տնտեսական ինքնասպանություն»:

Մարկո Ռուբիոն ասել է, որ Թեհրանի նման գործողությունները կհանգեցնեն լայնածավալ սրացման, որին ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև այլ երկրները ստիպված կլինեն արձագանքել:

«Իրանի կողմից ԱՄՆ հարձակմանը հակազդեցությունը սարսափելի սխալ կլինի, և մենք դա չէինք ցանկանա։ Մենք ուզում ենք ապահովել, որ Իրանը միջուկային զենք չունենա։ Նրանք ցանկանում են քաղաքացիական միջուկային ծրագիր, էլեկտրակայաններ, ինչպես աշխարհի շատ երկրներ ունեն։ Նրանք կարող են դա անել, և առաջարկ կար։ Նրանք մերժեցին այն։ Նրանք խաղում էին մեզ հետ, ավելի ճիշտ, կասեի՝ փորձում էին խաղալ մեզ հետ։ Նրանք չպատասխանեցին առաջարկին։ Նրանք տասը օրով անհետացան։ Ի պատասխան՝ նախագահը գործի անցավ», – ասաց Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշեց, որ ԱՄՆ-ն ռազմական բազաներ ունի Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Կատարում և Արաբական Միացյալ Էմիրություններում՝ այդ երկրները Իրանից պաշտպանելու համար։ Ռուբիոյի խոսքով՝ Իրանն է կանգնած Մերձավոր Արևելքի բոլոր խնդիրների հետևում։ ԱՄՆ պետքարտուղարը նաև նշեց, որ Վաշինգտոնը պատրաստ է վաղը վերսկսել բանակցությունները Իրանի հետ։

Տեղեկատվության համար՝ Իրանի խորհրդարանը աջակցել է Հորմուզի նեղուցի փակմանը։

Նմանատիպ