ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային շրջանակի շուրջ
ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային շրջանակի շուրջ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը և առևտրի ներկայացուցիչ Ջեյմսոն Գրիրը հանդիպել են Չինաստանի փոխվարչապետ Հե Լի-ֆենի և գլխավոր առևտրային բանակցող Լի Չենգանգի հետ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում։

Սա բանակցությունների հինգերորդ փուլն էր մայիսից ի վեր։

«Կարծում եմ՝ մենք ունենք շատ հաջող շրջանակ, որի հիման վրա ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները կկարողանան քննարկել տարբեր հարցեր հինգշաբթի օրը», – ասել է Բեսանտը։

NBC-ին տված հարցազրույցում Բեսանտն ասել է, որ համաձայնագրի արդյունքում Պեկինը, հավանաբար, կդադարեցնի հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողության խստացումը՝ այդպիսով խուսափելով Թրամփի կողմից հայտարարված չինական ապրանքների վրա 100% մաքսատուրքից։

Նա ասել է, որ Թրամփը և Սի Ցզինպինը հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպմանը կքննարկեն ամերիկացի ֆերմերներից սոյայի և այլ գյուղատնտեսական արտադրանքի գնումը, ավելի հավասարակշռված առևտուրը, ինչպես նաև Միացյալ Նահանգներում ֆենտանիլի ճգնաժամի լուծումը։

Չինաստանի ներկայացուցիչ Լին ասել է, որ կողմերը հասել են «նախնական համաձայնության» և այժմ կսկսեն ներքին ընթացակարգերը։

«ԱՄՆ դիրքորոշումը կոշտ էր։ Մենք ինտենսիվ բանակցություններ և կառուցողական երկխոսություն ունեցանք՝ այս խնդիրները լուծելու ընդհանուր ուղիներ գտնելու համար», – ասել է Լին։

Կիրակի օրը Թրամփը ժամանել է Մալայզիա՝ մասնակցելու Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի գագաթնաժողովին, որը նրա հնգօրյա ասիական շրջագայության առաջին կանգառն է։ Շրջագայությունը կավարտվի հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում Սի Ցզինպինի հետ անձնական հանդիպմամբ։