ԱՄՆ-ի ֆինանսների նախարար. ԱՄՆ-ը և Ուկրաինան հաջորդ շաբաթ կարող են ստորագրել բնական ռեսուրսների մասին համաձայնագիր
ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են բնական ռեսուրսների մասին համաձայնագիր ստորագրել հաջորդ շաբաթ, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը։
Նա ասել է, որ Վաշինգտոնը Կիեւին է հանձնել տնտեսական գործընկերության մասին պատրաստի փաստաթուղթ։
«Փաստաթուղթը ներկայումս վերանայվում է ուկրաինացիների կողմից, և մենք հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կսկսվեն լիարժեք քննարկումներ և, հնարավոր է, լինի ստորագրում», – ասել է Սքոթ Բեսանտը։
Համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել փետրվարի վերջին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Սակայն ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ժամանակ բանավոր վիճաբանություն է տեղի ունեցել, և փաստաթուղթը չի ստորագրվել։
Հարցազրույցի ժամանակ Սքոթ Բեսանտին հարցրել են նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, ինչին նա պատասխանել է, որ պատժամիջոցների խստացումը կամ թուլացումը կախված է Ռուսաստանի հետագա գործողություններից։
«Նախագահ Թրամփը, կարծում եմ, չի վարանի խստացնել պատժամիջոցները, եթե դա նրան առավելություն տա բանակցություններում»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կուսումնասիրի Ռուսաստանի առաջ քաշած պայմանները, որոնք Մոսկվան պահանջում է կատարել մինչև Սև ծովում հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Դրանք ներառում են Ռուսաստանի Ագրարային բանկի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը և այն SWIFT համակարգին միացնելը, ինչը անհնար է առանց Եվրամիության համաձայնության։