ԱՄՆ ֆինանսների քարտուղար - ԱՄՆ-Չինաստան բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել
ԱՄՆ ֆինանսների քարտուղար - ԱՄՆ-Չինաստան բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել

ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսանտն ասել է, որ ԱՄՆ-Չինաստան բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։

«Մենք շատ լավ առաջընթաց ենք գրանցել համաձայնագրի տեխնիկական մանրամասների հարցում։ Ինչ վերաբերում է հենց համաձայնագրին, մեր չինացի գործընկերները բավականին ագրեսիվ պահանջներ են ներկայացրել։ Տեսնենք, թե կարո՞ղ ենք համաձայնության գալ։ Այս պահին մենք պատրաստ չենք զոհաբերել մեր ազգային անվտանգությունը սոցիալական մեդիա հավելվածի համար», – ասել է Բեսանտը։

ԱՄՆ ֆինանսների քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն և Չինաստանը մոտ են համաձայնագրի կնքմանը, չնայած Բեսանտը նշում է, որ եթե երկու երկրների միջև համաձայնություն չլինի «TikTok»-ի հարցում, դա չի ազդի ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վրա։

Տեղեկատվության համար՝ բանակցությունները շարունակվում են Մադրիդում։ ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները կքննարկեն առևտրային հարցեր, ազգային անվտանգություն և TikTok տեսահավելվածի սեփականության իրավունքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ TikTok հավելվածի ճակատագիրը կախված է Չինաստանի որոշումից։