ԱՄՆ-ը Իրանի ցույցերի ֆոնին ՄԱԿ ԱԽ և Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստեր կգումարի
ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի հատուկ նիստներ գումարել՝ կապված Իրանում ընթացող իրադարձությունների հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։
«Առաջիկա օրերին մենք արտահերթ նիստեր կգումարենք Նյու Յորքում և Ժնևում»,-ասել է Հեյլին։
Զանգվածային բողոքի ակցիաներն Իրանի խոշոր քաղաքներում անցկացվում են 2017 թվականի դեկտեմբերի 28-ից։ Անկարգությունների պատճառ է հանդիսացել սննդամթերքի գնի բարձրացումը, կոռուպցիայի և գործազրկության աճը։ Վերջին տվյալներով՝ անկարգությունների հետևանքով զոհվել է 20, ձերբակալվել ավելի քան 450 մասնակից։