ԱՄՆ-ը չինական ընկերություններին զգուշացնում է Ռուսաստանին օգնության դեպքում սպասվող լուրջ հետևանքների մասին
ԱՄՆ-ը չինական ընկերություններին զգուշացնում է Ռուսաստանին օգնության դեպքում սպասվող լուրջ հետևանքների մասին։
Ինչպես ասել է ԱՄՆ ֆինանսների քարտուղար Ջանեթ Ելենը, Վաշինգտոնը տեսել է ապացույցներ, որ չինական ընկերությունները, հնարավոր է, օգնում են Ռուսաստանին ռազմական տեխնիկա մատակարարել՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին: Ելենը կոչ է արել Չինաստանին դադարեցնել այդ գործողությունները։
Սան Ֆրանցիսկոյում կայացած մամուլի ասուլիսում ֆինանսների քարտուղարն ասաց, որ ինքը բարձրացրել է այդ հարցը Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենի հետ երկօրյա բանակցությունների ընթացքում։
«Ես ընդգծեցի, որ ընկերությունները չպետք է նյութական աջակցություն ցուցաբերեն ռուսական արդյունաբերական հատվածին, և եթե դա անեն, լուրջ հետևանքներ կլինեն», – ասել է Ելենը։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ը վճռական է ամեն ինչ անելու՝ կասեցնելու նյութերի հոսքը, որոնք օգնում են Ռուսաստանին դաժան և անօրինական պատերազմ վարել։