ԱՄՆ դեսպանատուն - Միացյալ Նահանգները շարունակում է վերանայել իր մոտեցումը Վրաստանի նկատմամբ՝ ամերիկյան շահերը առաջ մղելու համար
Այսօր դեսպան Դանիգանը և ավագ խորհրդական Թոլքը հանդիպել են արտաքին գործերի նախարար Բոճորիշվիլիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները, ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Դեսպանատան հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները շարունակում է վերանայել իր մոտեցումը Վրաստանի նկատմամբ՝ ամերիկյան շահերը առաջ մղելու համար։
«Միացյալ Նահանգները հստակորեն ուրվագծել է այն քայլերը, որոնք կարող է ձեռնարկել Վրաստանի կառավարությունը՝ ցույց տալու համար, որ լուրջ է վերաբերվում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավմանը», – ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այսօր հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ուայթ Թոլքի և Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանի հետ։
Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հանդիպման վերաբերյալ, որում նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև հարաբերությունները, համագործակցության հեռանկարները և տարածաշրջանում ընթացող գործընթացները։