ԱՄՆ դատավորը կառավարությանը հանձնարարել է ազատ արձակել Մինեապոլիսում ներգաղթի և մաքսային ծառայության գործակալների կողմից ձերբակալված հինգամյա տղային և նրա հորը
BBC-ն հաղորդում է, որ ԱՄՆ դատավորը կառավարությանը հանձնարարել է ազատ արձակել հինգամյա տղային՝ Լիամ Կոնեխո Ռամոսին, որը ձերբակալվել էր Մինեապոլիսում ներգաղթի և մաքսային ծառայության գործակալների կողմից։
Դատավոր Ֆրեդ Բիրը նաև պահանջում է ազատ արձակել երեխայի հորը՝ Ադրիան Ալեքսանդր Կոնեխո Արիասին, որը նույնպես ձերբակալվել էր։
Դատավորը բավարարել է ընտանիքի փաստաբանի խնդրանքը և կարգադրել է կառավարության պաշտոնյաներին ազատ արձակել հորն ու որդուն մինչև փետրվարի 3-ը։
Երեխայի ձերբակալության շուրջ բարձրացած վրդովմունքի ֆոնին ներգաղթի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք գործողություն են իրականացնում ոչ թե երեխայի, այլ նրա հոր՝ «անօրինական ներգաղթյալի» դեմ։
Ներգաղթի և մաքսային ծառայության գործակալները մի քանի օր առաջ ձերբակալել էին հորն ու որդուն։ Հինգամյա Լիամ Կոնեխո Ռամոսը մանկապարտեզից տուն էր վերադառնում, երբ նրանց տեղավորել են սև ամենագնացի մեջ և ավելի ուշ տարել Տեխասի միգրանտ ընտանիքների կալանքի կենտրոն։