ԱՄՆ չորս սենատորներ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ հայտարարություն են տարածել
Ես ողջունում եմ այն տեղեկությունը, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել են զինվորական հոսպիտալ, և որ նա հացադուլը դադարեցրել է, – ասել է ամերիկացի սենատոր Ջին Շահինը, ով կիսվել է այս լուրով «Twitter»-ի իր միկրոբլոգում։
Ջին Շահինը հրապարակել է նաև հայտարարության տեքստը, որը ստորագրել են սենատորներ Ջիմ Ռիշը, Բեն Քարդինը և Ռոն Ջոնսոնը։ Հայտարարության տեքստում սենատորները կոչ են անում Վրաստանի կառավարությանը հաշվի առնել Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի լրջությունը։
«Մենք ուշադիր հետևում ենք նախկին նախագահ Սաակաշվիլիի վիճակին և բուժմանը, ինչը մտահոգիչ է ԱՄՆ Սենատում Վրաստանի բարեկամների համար։ Թեև մենք զգուշացրել էինք, որ պարոն Սաակաշվիլիի վերադարձը Վրաստան կավելացնի բևեռացումը, Սաակաշվիլին, ինչպես դատավարության սպասող բոլոր բանտարկյալները, արժանի է արդար և արժանապատիվ վերաբերմունքի՝ միջազգային չափանիշներին և վրացական օրենսդրությանը համապատասխան: Մենք անհանգստացած ենք, որ դա հիմա տեղի չի ունենում։
Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հրատապ բժշկական օգնություն ցուցաբերել պարոն Սաակաշվիլիին՝ բժշկական անկախ թիմի խորհրդով։ Մենք ուշադիր հետևում ենք դատավարությանը և ընդգծում թափանցիկ, արդար և անձնական ներկայությամբ դատավարության կարևորությունը։ Արդար և արագ դատաքննության իրավունքը ցանկացած ժողովրդավարության բնորոշ հատկանիշ է, և այս դեպքը բացառություն չէ:
Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը առաջնահերթություն տալ պարոն Սաակաշվիլիի իրավիճակի լրջությանը և հաշվի առնել այս իրավիճակի ազդեցությունը Վրաստանի քաղաքական կայունության վրա։ Հիմա ժամանակն է մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները հօգուտ վրաց ժողովրդի։ Իրավիճակի վատթարացման հետ մեկտեղ մեծանում է նաև սխալ հաշվարկներ անելու վտանգը, ինչը կարող է հանգեցնել Սաակաշվիլիի լուրջ վնասի կամ ավելի վատ իրավիճակի: Նման ողբերգությունը երկարաժամկետ բացասական ազդեցություն կունենա Վրաստանի դեմոկրատական նկրտումների վրա։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին գործել ի շահ վրաց ժողովրդի»,- ասված է հայտարարության մեջ։