ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով հրապարակել Ջեֆրի Էպշտեյնի 2019 թվականի սեռական շահագործման գործին վերաբերող ֆայլերը
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարանին՝ Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերի հրապարակման խնդրանքով, ով մեղադրվում էր անչափահասների սեռական թրաֆիքինգի մեջ։ Մասնավորապես, Թրամփի վարչակազմը դատարանից խնդրում է հրապարակել 2019 թվականին սկսված գործի փակ նիստերի արձանագրությունները։
Նախարարությունը հայտարարել է, որ գործի նյութերը, որոնք վերաբերում են տասնյակ աղջիկների սեռական թրաֆիքինգին, հանրային հետաքրքրություն են ներկայացնում։
Արդարադատության նախարարությունն այս դիմումով հանդես է եկել Թրամփի վարչակազմի նկատմամբ քննադատության ֆոնին, կապված Էփշտեյնի գործի հետ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը դատական հայց էր ներկայացրել Wall Street Journal-ի տեր ընկերության, նրա սեփականատեր Ռուփերթ Մերդոքի եւ երկու լրագրողների դեմ՝ թերթում հրապարակված հոդվածի պատճառով։ Հոդվածում ասվում էր, որ 2003 թվականին Դոնալդ Թրամփը Ջեֆրի Էփշտեյնին ուղարկել էր անպարկեշտ բնույթի շնորհավորական բացիկ նրա 50-ամյակի առթիվ։ Թրամփը պնդում է, որ այդ բացիկը կեղծ է։
Լրատվամիջոցների համաձայն՝ շնորհավորական ալբոմը, որը պարունակում էր նաեւ Թրամփի ուղերձը, հավաքվել էր Էփշտեյնի 50-ամյակի համար նրա ընկերուհի Գիսլեյն Մաքսվելի կողմից։ 2022 թվականին Մաքսվելը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման՝ անչափահաս աղջիկների սեռական շահագործման հետ կապի համար։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատարանին խնդրել է նաեւ Մաքսվելի գործի նյութերի հրապարակում։
Թրամփը պնդում է, որ Ռուփերթ Մերդոքը եւ պարբերականը նախապես զգուշացվել էին, որ հոդվածի հրապարակման դեպքում իրենց կդիմեն դատարան, քանի որ խոսքը կեղծ ուղերձի մասին է։ Ըստ ԶԼՄ-ների, այդ շնորհավորանքը տպված է եղել կնոջ մերկ մարմնի նկարի վրա եւ ավարտվում է արտահայտությամբ. «Շնորհավոր ծնունդդ, թող ամեն օրը դառնա նոր հրաշալի գաղտնիք»։
«Սրանք իմ խոսքերը չեն, ես այդպես չեմ խոսում։ Եվ բացի այդ, ես նկարիչ էլ չեմ», – ասել է Թրամփը։
Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվել էր 2019 թվականին սեռական թրաֆիքինգի մեղադրանքով։ Նույն տարվա ընթացքում նա ինքնասպանություն է գործել բանտում՝ մինչեւ դատավարության սկսվելը։ Անցյալ տարի հրապարակված դատական փաստաթղթերում նշվել են մի շարք հայտնի անուններ, ովքեր կապ են ունեցել Էփշտեյնի հետ։ Մեկ փաստաթղթում հիշատակվում է նաեւ Թրամփի անունը, սակայն նրա կողմից ապօրինի գործողությունների մասին խոսք չի գնում։
2024 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ Էփշտեյնի գործի նյութերը, ինչպես նաեւ այլ գործեր, կհրապարակվեն։ Փետրվարին գլխավոր դատախազ Պեմ Բոնդին հրապարակել է փաստաթղթերի մի մաս, սակայն դրանք նոր հանգամանքներ կամ անուններ չեն պարունակել։