ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք ճանաչելուն արձագանքել են համաշխարհային լիդերները
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշմանը՝ Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ, արձագանքել են տարբեր երկրների առաջնորդները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք ճանաչելու փաստը և այդ քայլը որակել, որպես անպատասխանատու: Միևնույն ժամանակ Ստամբուլում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ և բողոքել Դոնալդ Թրամփի որոշման դեմ:
Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդուլրահման ալ Թանին՝ Վաշինգթոնի այս քայլը «վտանգավոր էսկալացիա» է անվանել:
Թունիսի ազդեցիկ լեյբորիստական միության հայտարարությամբ, ԱՄՆ-ի նախագահի այս քայլը հավասար է պատերազմ հայտարարելուն:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին պաղեստինյան ղեկավար Մահմուդ Աբասի հետ քննարկել է ԱՄՆ որոշման հետեւանքները: Սիսին ասել է, որ Եգիպտոսը մերժում է այդ որոշումը և «դրա պատճառով առաջացող ցանկացած հետևանք»:
Ինչ վերաբերում է Մահմուդ Աբասին, ապա վերջինս ասել է, որ Երուսաղեմը Պաղեստինի ապագա պետության մայրաքաղաքն է լինելու:
Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է, որ երկիրը վրդովված է Թրամփի այս որոշման կապակցությամբ: Մեքսիկական կողմը հաստատել է, որ իրենց դեսպանատունը մնալու է Թել Ավիվում:
Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել է, որ Թրամփի որոշումը սպառնում է տարածաշրջանում խաղաղ գործընթացին և կայունությանը:
Հորդանանը նույնպես մերժում է ԱՄՆ որոշումը՝ ասելով, որ այն ավելացնում է լարվածությունը և խախտում է միջազգային լեգիտիմությունը:
Եվրամիությունը խիստ մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման և այն որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմամբ և տարածաշրջանում կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում:
Հիշեցնենք, երեկ ԱՄՆ- նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրաելի մայրաքաղաք:
Հեղինակ -
Edgar Barsegyan