Ամբողջ Հնդկաստանում բժիշկները բժշկի սպանության պատճառով 24-ժամյա գործադուլ են հայտարարել
Ամբողջ Հնդկաստանում բժիշկները բժշկի սպանության պատճառով 24-ժամյա գործադուլ են հայտարարել

Հնդկաստանում բժշկի բռնաբարության և սպանության պատճառով ամբողջ երկրում բժիշկները 24-ժամյա գործադուլ են հայտարարել։

Ակնկալվում է, որ ավելի քան մեկ միլիոն բժիշկ կմիանա գործադուլին՝ կաթվածահար անելով բժշկական ծառայությունները Հնդկաստանում:

Սա բժիշկների ամենամեծ գործադուլն է Հնդկաստանում։

Բուժհաստատությունները հիվանդներին կընդունեն միայն արտակարգ իրավիճակների դեպքում, որոնց ծառայությունները կտրամադրեն բժշկական ուսումնարանների ուսուցիչները։

Անցյալ շաբաթ Կալկաթա քաղաքի բժշկական քոլեջում բռնաբարվել և սպանվել է 31-ամյա կին բժիշկը, որը բժիշկների զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են խստագույնս պատժել հանցագործներին, ինչպես նաև ապահովել բժիշկների և առհասարակ, կանանց անվտանգությունը։

Հնդկաստանի կառավարությունը գործադուլավորներին խոստացել է, որ կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ բուժաշխատողների պաշտպանությունն ուժեղացնելու միջոցառումներ մշակելու համար։

2012 թվականին Դելիում ավտոբուսում ուսանողուհու խմբակային բռնաբարության աղմկահարույց դեպքից հետո Հնդկաստանի իշխանությունները խստացրել են սեռական բռնության համար պատիժը, սակայն իրավապաշտպաններն ասում են, որ այդ միջոցներն էապես չեն փոխել իրավիճակը։