«Վրաստանում իրավիճակը այնքան լավ չէ, որքան կցանկանայինք։ Այն միանշանակ սխալ ուղղությամբ էր ընթանում ամիսների ընթացքում, սակայն կարող էր շատ ավելի վատ լինել – սա է գլխավորն», – այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շվեդ պատգամավոր Ազեդա Ռոյհանի կողմից Վրաստանի վերաբերյալ հարցին պատասխանելիս։
Շվեդ պատգամավորը հարցրել է․ «Հաշվի առնելով Վրաստանի վերաբերյալ մեր լուրջ մտահոգությունները և Ձեր այցը Վրաստան, որի ընթացքում ընդգծեցիք ժողովրդավարության և օրենքի գերակայության առջև ծառացած մարտահրավերները՝ կասեք՝ ինչպես կարող ենք ավելի սերտ համագործակցել։ Արդյոք սա հարմար պահ է, որպեսզի համատեղ նախաձեռնությամբ սկսենք գործընթաց և օգնենք Վրաստանին վերադառնալ իր եվրոպական ժողովրդավարական ուղուն»։
Բերսը նշել է, որ Վրաստանում ունեցել է լավ քննարկումներ իշխող կուսակցության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ և վերադարձից հետո ունեցել է դրական տպավորություն այդ գործընթացների հնարավոր զարգացման վերաբերյալ՝ չնայած բարդ համատեքստին։
Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը ակտիվորեն ներգրավված է եղել Վրաստանի հարցերով՝ ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո։ Դեկտեմբերին ինքը պատվիրակության հետ եղել է Թբիլիսիում՝ պարզելու, թե ինչ կարող են անել միասին առաջիկա ամիսներին, կառավարության հետ արդյունավետ համագործակցությամբ ապահովելու մարդու իրավունքների և ազատությունների ոլորտում դրական զարգացումներ, ինչպես նաև գտնելու ուղիներ՝ նախ և առաջ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի շուրջ աշխատանքի համար։
Փետրվարի սկզբին, ըստ Բերսի, Վրաստանի կողմից տրվել է ազդակ, որ պատրաստ չեն շարունակել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Նա նշել է, որ ունեցել է երկար հեռախոսազրույց վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, որը տեղեկացրել է դեկտեմբերյան պարտավորություններին վերադառնալու մտադրության մասին, սակայն այդ պահից հետո ուղիղ կապ այլևս չի եղել։
Բերսը հավելել է․ «Հիմա անհրաժեշտ է ավելի շատ շփում։ Պետք է հնարավորություն տալ երկխոսությանը։ Ես պատրաստվում եմ կապ հաստատել իշխող կուսակցության և վարչապետի հետ՝ շարունակելու համատեղ աշխատանքը»։
Նա նշել է, որ նախարարների կոմիտեում երկու քննարկումից հետո հանդես է եկել առաջարկությամբ՝ սկսել կառուցվածքային երկխոսություն Վրաստանի հետ։ «Տեսնենք՝ ինչի կարող ենք միասին հասնել, որովհետև իրավիճակը Վրաստանում այնքան լավ չէ, որքան կցանկանայինք։ Այն միանշանակ սխալ ուղղությամբ էր ընթանում ամիսների ընթացքում, սակայն կարող էր շատ ավելի վատ լինել։ Սա է կարևոր հանգամանքը։ Այս պահին դինամիկան բացասական է։ Մենք ցանկանում ենք ավելի սերտ համագործակցել և հնարավորություն տալ կառուցվածքային երկխոսությանը՝ գործելու։ Ձեր քվեարկությունից և մանդատների սահմանման վերաբերյալ որոշումից հետո, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ուղարկված ազդակը հստակ էր։ Հիմա պետք է տեսնենք՝ արդյոք հնարավոր է այդ ազդակի հիման վրա որևէ բան անել, որպեսզի վերադառնանք ճիշտ ուղղությամբ։ Ես շուտով կապ կհաստատեմ Վրաստանի իշխող կուսակցության և վարչապետի հետ՝ տեսնելու, թե ինչ կարող ենք միասին անել, որպեսզի շարժվենք ճիշտ ուղով։ Դուք իրավունք ունեք ստանալու հստակ պատասխան Ձեր հարցին։ Կարծում եմ՝ այս պահին դեռ վաղ է խոսել հաջորդ քայլի մասին», – եզրափակել է Բերսը։