Ալեքսանդր Վուչիչ. Սերբիան մեծ ճնշման տակ է ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր, բայց մենք կարողացանք պաշտպանել մեր անկախությունը
Ալեքսանդր Վուչիչ. Սերբիան մեծ ճնշման տակ է ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր, բայց մենք կարողացանք պաշտպանել մեր անկախությունը

Ուկրաինայի ճգնաժամի սկսվելուց ի վեր Սերբիան գտնվում է մեծ ճնշման տակ, սակայն մեզ հաջողվեց պաշտպանել անկախությունը, – այս մասին Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Սերբիան շատ բարդ իրավիճակում է հայտնվել Ուկրաինայի ճգնաժամի սկզբից ի վեր և գտնվում է մեծ ճնշման տակ, սակայն, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պահպանել սկզբունքային դիրքորոշումը, պաշտպանել Սերբիայի անկախությունը։ Այսօր մենք Եվրոպայի միակ երկիրն ենք, որը Ռուսաստանի դեմ սահմանափակումներ չի մտցրել, և ապագայում նույնպես կպահպանենք ռազմական չեզոքությունը», – հայտարարել է Ալեքսանդր Վուչիչը։

Սերբիայի նախագահն ընդգծել է նաև, որ Սերբիայի համար կարևոր է պահպանել Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հարաբերությունները բոլոր ոլորտներում։

«Հույս ունեմ, որ հնարավորություն կունենանք համագործակցության որոշ ասպեկտներ զարգացնել։ Էներգետիկան շատ կարևոր ոլորտ է, հատկապես՝ գազամատակարարումը», – ասել է Վուչիչը։

Հիշեցնենք, որ Սերբիան Եվրոպական միության անդամության թեկնածու երկիր է։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ներկա կլինի Չինաստանում նախատեսված զինվորական շքերթին, որին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները։ ԵՄ անդամ պետություններից շքերթին ներկա կլինի միայն Սլովակիայի վարչապետը, որը այսօր Պեկինում հանդիպել է Ռուսաստանի նախագահին։