Ալեքսանդր Վուչիչ. Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարումը դադարեցվել է, և հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի
Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարումը դադարեցվել է, և հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը Սերբիային տեղեկատվություն է տրամադրել գազի մատակարարումների դադարեցման մասին։
«Մեր ադրբեջանցի եղբայրներից և ընկերներից ես տեղեկություն եմ ստացել, որ ֆորսմաժորային հանգամանքների և խնդիրների պատճառով մենք չենք կարողանա հույսը դնել 1,7 միլիոն խորանարդ մետր գազի վրա, որը մեզ օրական մատակարարվում է», – ասել է Վուչիչը։
Ինչպես նշել է նա, դեռ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի գազամատակարարումը։
«Սա նշանակում է, որ այսուհետ մենք կսկսենք օգտագործել գազի պաշարները»,- ասել է Վուչիչը։
Նա հույս հայտնեց, որ մեկ-երկու ամսից մատակարարումները կվերսկսվեն։
2023 թվականին Սերբիան պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ՝ 2024 թվականից սկսած տարեկան 400 միլիոն խորանարդ մետր բնական գազ գնելու մասին։ Ընդհանուր առմամբ, Սերբիան տարեկան օգտագործում է երեք միլիարդ խորանարդ մետր գազ։