Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել բողոքի ակցիաներին մասնակցելու համար դատապարտված 30 մարդու
Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել բողոքի ակցիաներին մասնակցելու համար դատապարտված 30 մարդու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 30 մարդու, ովքեր դատապարտվել են բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկություն է տարածում Բելառուսի նախագահի վարչակազմը։

Ներվածների թվում կան 14 կին և 16 տղամարդ։ Նրանց մի մասն առողջական խնդիրներ ունի, կան թոշակառուներ։ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք բոլորն էլ խոստովանել են իրենց մեղքը և ստանձնել են օրինապահ ապրելակերպ վարելու պարտավորություն։

Ընդդիմության առաջնորդ Սվետլանա Ցիխանովսկայան արձագանքել է ներմանը: Նրա խոսքով՝ պայքարը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում բոլոր քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել։

«Ես թեթևացած եմ, որ որոշ քաղբանտարկյալներ ազատ են արձակվել բելառուսական բանտերից։ Սա փոքր, բայց կարևոր առաջընթաց քայլ է: Սակայն սիրտս ցավում է՝ իմանալով, որ ամեն օր ավելի շատ մարդիկ են կալանավորվում, շատերը մնում են խցերում։ Մենք չենք դադարեցնի պայքարը, քանի դեռ նրանք բոլորն ազատ չեն»,- գրել է Ցիխանովսկայան սոցցանցում։

Տեղեկության համար՝ Բելառուսում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել 2020 թվականի օգոստոսին կայացած նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ակցիաների ժամանակ։