Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում ուկրաինական օդային թիրախ է խոցվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ օգոստոսի 9-ին Բելառուսի տարածքում խոցվել է Ուկրաինայի «օդային թիրախ»։
«Առաջին անգամը չէ, որ Ուկրաինայի զինված ուժերը խախտում են վարքագծի բոլոր կանոնները և Բելառուսի Հանրապետության օդային տարածքը»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանին սահմանակից Կոստյուկովիչի շրջանում։
Լուկաշենկոյի խոսքով՝ մի քանի թիրախներ են խոցվել, որոնց բեկորները դեռ որոնվում են։
«Մենք կասկածում ենք, որ դրանք անօդաչու թռչող սարքեր են»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ զինվորականներին հրահանգել է համապատասխան միջոցներ ձեռնարկել Բելառուսի տարածքը պաշտպանելու համար։
«Ես չեմ հասկանում, թե Ուկրաինային ինչու է դա պետք, մենք պետք է պարզենք։ Բայց, ինչպես ասացի, մենք հստակ սահմանել ենք դրանք և տեղեկացրել, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնա»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։