Ալեքսանդր Լուկաշենկո. Մենք չենք պատրաստվում ներգրավվել Ուկրաինայի պատերազմում, եթե Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է ինչ-որ բանի մասին խոսել, խորհուրդ ստանալ կամ այլ բան, կարող է դա անել, մենք բաց ենք դրա համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, որ իր երկիրը չի պատրաստվում ներգրավվել Ուկրաինայի հետ պատերազմում։
Լուկաշենկոն այդ մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Վոլոդիմիր Զելենսկին ենթադրություն է հայտնել, թե հնարավոր է՝ Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվի Բելառուսի տարածքից։
Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն զգուշացրել է Կիևին, որ «ագրեսիայի դեպքում» Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ կպաշտպանվեն։
«Ինչ վերաբերում է Զելենսկիի հայտարարություններին, թե Բելառուսը կներգրավվի պատերազմի մեջ, ապա, ինչպես արդեն ասել եմ, այն պատերազմի մեջ կներգրավվի միայն մեկ պայմանով՝ եթե ագրեսիա իրականացվի մեր տարածքի դեմ։ Դուք լսեցիք Ռուսաստանի նախագահին, մենք համատեղ կպաշտպանենք մեր հայրենիքը Բրեստից մինչև Վլադիվոստոկ։ Հետևաբար, եթե մենք ներգրավվենք պատերազմում, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմում, դա տեղի կունենա մեկ պայմանով՝ եթե նրանք ագրեսիա իրականացնեն մեր դեմ։ Մենք չենք պատրաստվում ներգրավվել Ուկրաինայի պատերազմում։ Դրա անհրաժեշտությունը չկա»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Բացի այդ, Բելառուսի առաջնորդի խոսքով, ինքը պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ, եթե Ուկրաինայի առաջնորդը նույնպես ցանկանա զրուցել։
«Եթե Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է ինչ-որ բանի մասին խոսել, եթե ցանկանում է խորհուրդ ստանալ կամ այլ բան, նա կարող է անել դա։ Մենք բաց ենք դրա համար։ Ես պատրաստ եմ նրա հետ հանդիպել Ուկրաինայի կամ Բելառուսի ցանկացած կետում և քննարկել բելառուս-ուկրաինական հարաբերությունների խնդիրները»,- նշել է Լուկաշենկոն։
Ի տեղեկություն, Զելենսկին անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձում է Բելառուսին ավելի խորը ներքաշել Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ և դիտարկում է Բելառուսի տարածքից Ուկրաինայի հյուսիսի կամ ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա հարձակվելու ծրագրեր։ 2022 թվականի փետրվարին, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ռուսական բանակի մի մասը Ուկրաինա մտավ հյուսիսից՝ Բելառուսի տարածքից։ Հարձակմանը բելառուսական զորքերը չէին մասնակցում։