«Աքսիոս»․ Անցած ամիս Իլոն Մասկը պետք է մասնակցեր Պենտագոնում կայանալիք գաղտնի տեղեկատվական հանդիպմանը Չինաստանի վերաբերյալ, սակայն երբ Դոնալդ Թրամփը այդ մասին իմացավ, հանդիպումը չեղարկվեց
Անցած ամիս ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկը պետք է մասնակցեր Պենտագոնում կայանալիք Չինաստանի վերաբերյալ գաղտնի տեղեկատվական հանդիպմանը, սակայն երբ Դոնալդ Թրամփը այդ մասին տեղեկացավ, հանդիպումը չեղարկվեց։ Այս մասին հաղորդում է «Աքսիոս»-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների։
«Աքսիոս»-ի աղբյուրների համաձայն՝ Պենտագոնում Մասկի նախատեսված հանդիպումը բարկացրել է Թրամփին։
Բացի այդ, Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը պարբերականին անանուն կերպով հայտնել է, որ ԱՄՆ նախագահը դրական վերաբերմունք ունի Մասկի նկատմամբ, սակայն, հաշվի առնելով Մասկի մեծ բիզնեսներն ու լավ կապերը Չինաստանում, նման հանդիպումը համարել է անընդունելի։
«Ի՞նչ գործ ունի Իլոնը այնտեղ։ Համոզվեք, որ նա այդ հանդիպմանը չի հայտնվի», – ասել է անանուն աղբյուրը՝ մեջբերելով Թրամփի խոսքերը։