Ահաբեկչական գործողության փորձի մեղադրանքով, նոյեմբերի 29-ի դրվագով, Ալեկո Էլիսաշվիլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման
Ահաբեկչական գործողության փորձի մեղադրանքով ձերբակալված «Ուժեղ Վրաստան – Լելո»-ի առաջնորդներից մեկը՝ Ալեկո Էլիսաշվիլին, դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Որոշումը քիչ առաջ հայտարարել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Գելաշվիլին։
Գործը վերաբերում է Թբիլիսիի քաղաքային դատարանի գրասենյակի շենքում տեղի ունեցած դեպքին։ Մասնավորապես, քննության տվյալներով, 2025 թվականի նոյեմբերի 29-ին, մոտավորապես ժամը 04:00-ին, հրազենով, զինամթերքով և ահաբեկչական գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ իրերով զինված, դիմակավորված Ալեքսանդրե Էլիսաշվիլին եկել է Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, մուրճի գործադրմամբ կոտրել դատարանի գրասենյակի շենքի արտաքին ճակատի ապակին և ներխուժել դատարանի ներքին տարածք։ Շենք ապօրինի մուտք գործելուց հետո, ներքին տարածքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ տեղում առկա իրերի և փաստաթղթերի վրա, Ալեքսանդրե Էլիսաշվիլին մեծ քանակությամբ դյուրավառ նյութ է լցրել և հրկիզման միջոցով փորձել է հրդեհ բռնկել։
Այսօրվա դատական նիստին ներկա էր նաև ինքը՝ Ալեկո Էլիսաշվիլին, սակայն Իրակլի Կոբախիձեի և Մամուկա Մդինարաձեի հասցեին անպարկեշտ բառեր օգտագործելու պատճառով դատավորը նրան հեռացրել է դահլիճից, ինչից հետո նիստը շարունակվել է դռնփակ ռեժիմով։
Իսկ մինչ այդ, Ալեկո Էլիսաշվիլին օգտվել էր իր վերջին խոսքի իրավունքից։
Ինչպես նշել է Էլիսաշվիլին, ինքը քաղաքականության մեջ բազմաթիվ սխալներ է թույլ տվել, և դրանց թվում իր սխալն էր այն, որ խորհրդարանում փորձում էր կառուցողական ընդդիմախոսության մշակույթ ստեղծել։
«Ի՞նչ կուլտուրա։ Ափսոսում եմ, որ ամեն օր չէի հարվածում Մդինարաձե-Պապուաշվիլիին։ Պետք է այնպես խոսեի, ինչպես արժանի էին։ Գիտեմ, թե որտեղ ենք գտնվում, որոշումն այնքանով է կայացված, որ այսօր Կոբախիձեն հիշեցրեց դատավորին՝ Էլիսաշվիլին ահաբեկիչ մարդ է», – նշել է Էլիսաշվիլին։
Նրա խոսքով՝ իր արարքը բողոքի դրսևորում էր։
«Ուզում էի թքել այս իշխանության վրա, որ մեզ չեն կարողանա ճնշել։ Նրանք, ովքեր վախկոտի պես են մտածում, թող հետ տան ու նայեն նոյեմբեր-դեկտեմբերի ակցիաները, տեսնեն և հետո միայն ինձ մեղադրեն։ Ես ինձ չեմ գովում, քաղաքական գործիչ չեմ ծնվել։ Այդ ամենն ինձ խեղդում էր։ Չստացվեց, թուրս պատյանի մեջ կոտրվեց։ Ինձ հիանալի եմ զգում նաև այդ բանտում, քանի որ գիտեմ, թե ինչի համար եմ նստած՝ իմ երկրի սիրո համար։ Խիղճս մաքուր է։ Իմ տնից ոսկու ձուլակտորներ չեն հանել, այնինչ այդպիսի հնարավորություն ունեի», – հայտարարել է Էլիսաշվիլին։
Ալեկո Էլիսաշվիլիին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով։ Դատախազությունը նոյեմբերի 30-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում ահաբեկչական գործողության փորձի փաստով նրան մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-323 հոդվածի 1-ին մասով, իսկ մարտի 30-ին՝ «2025 թվականի մայիսի 4-ին կատարված ահաբեկչական գործողության երկրորդ դրվագով»՝ 323 հոդվածի 1-ին մասով։