Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 2,200-ը։ Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով «Թալիբանի» վարչակազմին։ Վիրավորների թիվը գերազանցում է 3,640-ը, իսկ աղետից տուժած լեռնային շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են հինգերորդ օրը։
Վեց մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելքում՝ օգոստոսի 31-ին։ Աղետը ավերել է ամբողջական բնակավայրեր Պակիստանի սահմանամերձ Կունար նահանգում։ Երկրաշարժի արդյունքում որոշ շրջաններում սողանքներ են առաջացել, ինչը փակել է ճանապարհները։ Երկու օր անց գրանցվել է 5.5 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրել է խուճապ բնակչության շրջանում։
կրկնվող ցնցումների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է փրկարարական գործողությունը, քանի որ դրանց հետևանքով քարերի անկումներ են եղել լեռներից՝ արգելափակելով գյուղեր տանող ճանապարհները։
«Թալիբանը» միջազգային օգնություն է խնդրել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ աղետը ամբողջությամբ ավերել է ավելի քան 6,700 տուն։ ՄԱԿ-ում չեն բացառում զոհերի թվի ավելացումը, իսկ Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի համաձայն՝ երկրաշարժից տուժած բնակչության հումանիտար կարիքները Աֆղանստանում լայնածավալ են և աճում են։ Կազմակերպության նախնական տվյալներով՝ ուղղակի կամ անուղղակի կերպով տուժել է 84,000 մարդ, իսկ հազարավոր անձինք ստիպված են եղել տեղափոխվել։