Աֆղանստանը հայտարարել է սահմանային գործողությունների ժամանակ 58 պակիստանցի զինվորի զոհվելու մասին
Աֆղանստանը հայտարարել է սահմանային գործողությունների ժամանակ 58 պակիստանցի զինվորի զոհվելու մասին

Աֆղանստանը հայտարարում է, որ սահմանային գործողությունների ժամանակ 58 պակիստանցի զինվոր է սպանվել՝ օդային տարածքի կրկնակի խախտումներին ի պատասխան։ Եվս 30-ը, ըստ տեղեկությունների, վիրավորվել են։

Թալիբանի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ աֆղանական ուժերը գրավել են Պակիստանի բանակի 25 դիրք։

«Իրավիճակը լիովին վերահսկողության տակ է Աֆղանստանի բոլոր պաշտոնական սահմաններում, և անօրինական գործունեությունը մեծ մասամբ դադարեցվել է», – Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում ասել է Մուջահիդը։

Մինչդեռ Պակիստանը հայտարարել է, որ գրավել է 19 աֆղանական սահմանային դիրք, որոնցից հարձակումներ են իրականացվել Պակիստանի վրա։ Երկրի անվտանգության ուժերը հայտարարել են, որ աֆղան թալիբները սպանվել են, «մինչդեռ մնացածը կարողացել են փախչել»։

«Պակիստանի բանակը ամբողջությամբ ոչնչացրել է թալիբների Մանոջբա ճամբարի գումարտակի շտաբը, Ջանդուսար դիրքը, Թուրքմենզայի ճամբարը և Խարչար ամրոցը։ Աֆղանական կողմից կրակոցների նպատակն էր Խավարիջ կազմավորումները մղել Պակիստանի սահման։ Սակայն պակիստանցիները արագ և ուժեղ արձագանքել են», – հայտնել են Պակիստանի անվտանգության ուժերը։

Տեղեկատվության համար՝ Պակիստան-Աֆղանստան սահմանին իրավիճակը բարդացել է երեկ ուշ գիշեր, երբ կողմերը հարձակումներ են սկսել միմյանց ուղղությամբ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ աֆղան թալիբները հարձակվել են պակիստանյան դիրքերի վրա։ Բախումներ են տեղի ունեցել սահմանի երկայնքով մի քանի վայրերում։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, Պակիստանը ավիահարված է հասցրել Քաբուլին, և Աֆղանստանը խոստացել է խստորեն պատասխանել այս հարձակմանը։